Վերջին տարիների ընթացքում գրանցվել է աննախադեպ գնաճ բոլոր ապրանքային շուկաներում։ 2022 թվականի ապրիլին 2021-ի ապրիլի համեմատ միայն մսամթերքը թանկացել է 10,2 տոկոսով։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ամսական սպառում է 2,3 կգ միս, մսամթերք։

2022 թվականի առաջին եռամյսակում 2017 թվականի համեմատ մսի մանրածախ գները զգալի աճ են գրանցել, մասնավորապես՝ տավարի միսը թանկացել է 534 դրամով կամ 20,9 տոկոսով, ոչխարի միսը՝ 1008 դրամով կամ 32,6 տոկոսով, խոզի միսը՝ 886 դրամով կամ 28,7 տոկոսով, իսկ հավի միսը՝ 208 դրամով կամ 13,9 տոկոսով։Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում միսը միջինում թանկացել է 25 տոկոսով։

Միսը սպառողական զամբյուղի պարենային հիմնական բաղադրիչներից մեկն է, որի սպառումը խիստ անհրաժեշտ է մարդու նվազագույն կենսագործունեությունն ապահովելու համար։

Հայաստանյան շուկայում մսի գնաճի վրա մեծ ազդցություն են թողել անասունների գլխաքանակի նվազումը և կերերի շեշտակի թանկացումը։Արցախյան վերջին պատերազմի հետևանքով առաջացած տարածքային կորուստներըէական նշանակություն են ունեցել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անասնապահության համար, քանի որ այդ տարածքների բնակլիմայական պայմանները թույլ էին տալիս ունենալ առատ խոտհարքներ, իսկ հատկապես Արաքսի ափամերձ շրջանները տարին 12 ամիս անասուններին արածեցնելու լավ հնարավորություններ էին տալիս․ խոտ հավաքելու կարիք ուղղակի չկար։ Բացի այդ, անասնապահության համար խիստ վտանգավոր են դարձել նաև ՀՀ սահմանամերձ շրջանները՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի գյուղերը, քանի որ ադրբեջանական կողմը, չստանալով համարժեք պատասխան, պարբերաբար դիմում է սադրանքների, չի վերադարձնում իրենց կողմն անցած անասունները։

Մի կողմից 2020-2021 թվականների երաշտը, մյուս կողմից խոտհարքների կորուստը կտրուկ թանկացրեցին խոտը․ ընդհուպ մեկ կապ խոտի գինը հասավ 2500 դրամի, ինչի հետևանքով անասնապահությունը դարձավ էլ ավելի ծախսատար։ Հատկանշական է, որ մթերվող կաթի և մսի գների համարժեք բարձրացում չգրանցեց, ինչը թույլ կտար ծածկել լրացուցիչ ծախսերը։Հարկ է նշել, որ շարունակվում են մեծ ծավալներով ներկրվել սառեցված միս և կաթի փոշի։

2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է անասունների գլխաքանակների զգալի կրճատում, բացառությամբ թռչունների։ Մասնավորապես՝ խոշոր եղջերավորների գլխաքանակը նվազել է 53786-ով կամ 8,8 տոկոսով, խոզերինը՝ 34126-ով կամ 17 տոկոսով, ոչխարներինը՝ 1652-ով կամ 0,2 տոկոսով, իսկ թռչունների գլխաքանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 623325-ով կամ 14,8 տոկոսով։

Միաժամանակ, պետք է արձանագրել, որ գյուղատնտեսության, մասնավորապես՝ անասնապահության ոլորտի անկումը շարունակվում է նաև այս տարի։ 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսությունը գրանցել է 5,4 տոկոս անկում, այդ թվում՝ բուսաբուծության ոլորտի անկումը կազմել է 24,4 տոկոս, իսկ անասնապահության ոլորտինը՝ 3,1 տոկոս։ Հետևաբար, անասունների գլխաքանակի նվազումը կարող է հանգեցնել մսի գների էլ ավելի բարձրացման և սառեցված մսի ներկրման ավելացման։

Արամ Աճեմյան