Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երրորդ առաջադրումը որպես նախագահի թեկնածու օրինական է։ Այս մասին հայտարարել է հանրապետության արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Այսպիսով, Թուրքիայի իշխանությունները հերքել են ընդդիմության պնդումները, որը Էրդողանին մեղադրում էր երկրի բարձրագույն պաշտոնին ապօրինի կերպով իր թեկնածությունն առաջադրելու մեջ։

Մինչ այդ կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարել էր, որ երրորդ ժամկետի համար Էրդողանի առաջադրման որեւէ իրավաբանական պատնեշ չկա։ Պարզաբանվել էր, որ կառավարման նախագահական ձեւ մտցնելու մասին սահմանադրությունում փոփոխությունների ընդունումից հետո Էրդողանն ընտրություններում առաջադրվել է միայն մեկ անգամ, ուստի 2023թ. կարող է նորից մասնակցել ընտրություններին։

Թուրքիայում առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2023թ. հունիսին։ Էրդողանը կառաջադրվի «Ժողովրդի դաշինք» միավորումից, որի մեջ են մտել ԱԶԿ-ն եւ Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ)։

2014թ. Էրդողանը հաղթել է Թուրքիայում առաջին ուղիղ նախագահական ընտրություններում։ Չորս տարի անց քաղաքական գործիչը վերընտրվել է արտահերթ ընտրություններում։