Արցախյան վերջին պատերազմում աղետալի պարտությունը ցույց տվեց, որ մենք թերացել ենք ոչ միայն ռազմաքաղաքական, այլև քարոզչական–տեղեկատվական դաշտում։ Հայագիտության և հասարակագիտության բնագավառում հայ գիտնականների հետազոտությունները միջազգային հանրությանը մեծամասամբ հասու չեն դառնում։ Scopus և Web of Science շտեմարաններում ընդգրկված բարձր վարկանիշով միջազգային գիտական պարբերականներում շատ հազվադեպ են հանդիպում Հայաստանի գիտնականների հոդվածները Արցախյան հիմնահարցի կամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին գիտության կազմակերպիչները խոսում էին շատ վաղուց, բայց, կարծես, ապարդյուն։ Թեման կրկին արդիականացավ 44-օրյա պատերազմից հետո։ Ո՞րն է, ի վերջո, պատճառը, և ի՞նչ է պետք անել մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող գիտական ոլորտներում ավելի ճանաչելի դառնալու և հայկական տեսակետները պաշտպանելու համար։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանի հետ։

Ցեղասպանագիտական սեփական հանդես ունենալու հրամայականը

Գիտնականի խոսքով, թե՛ խորհրդահայ, և թե՛ հետխորհրդային պատմագիտությունը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության և տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ ահռելի աշխատանք է կատարել, հրատարակվել են բազմաթիվ աշխատություններ և հոդվածներ, սակայն ճնշող մեծամասնությունը՝ միայն հայերեն։

«Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այդ աշխատանքները, դրանց բովանդակությունը այլ երկրների մասնագետներին կամ հասարակական–քաղաքական շրջանակներին հասու չեն։ Դա ոչ միայն զուտ գիտական, այլև քաղաքական խնդիր է, քանզի տարբեր երկրների գիտական ու հասարակական–քաղաքական շրջանակներին այդ աշխատությունների հասանելի լինելու պարագայում այդ կերպ հնարավոր կլիներ ազդել մեր ազգային հարցերում տվյալ պետությունների իշխանությունների քաղաքական որոշումների վրա։ Այս տեսակետից մենք այսօր կանգնած ենք օտար լեզուներով Scopus և Web of Science չափանիշներին համապատասխանող ամսագրերում հոդվածներ հրապարակելու հրամայականի առջև»,- ասաց նա։   

Արմեն Մարուքյանը միևնույն ժամանակ նշեց, որ կոնկրետ ցեղասպանագիտական ամսագրերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածներ տպագրելու տեսակետից հայ մասնագետները հանդիպում են չգրված օրենքների և արգելքների, որոնք դժվար է հաղթահարել։ «Որոշ միջազգային գիտական հանդեսներում և մասնագիտական շրջանակներում որոշակի կարծրատիպ կա Հոլոքոստի բացառիկության վերաբերյալ, որ ոչինչ չի կարող հավասարվել կամ նույնականացվել հրեաների հետ կատարվածի հետ», - ասաց նա։

Իսկ, գուցե, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության փաստը, հենց Հայաստանո՞ւմ պիտի լույս ընծայվեր հեղինակավոր ցեղասպանագիտական ամսագիր, որում կձգտեին տպագրվել այլազգի հեղինակները։ Պատմաբանը նշեց, որ Հայաստանում հրատարակվող հայագիտական որոշ ամսագրեր Scopus-ի մակարդակի հասցնելու ուղղությամբ քայլեր են կատարում, սակայն պետք է գիտակցենք, որ դա տևական գործընթաց է լինելու։ Նրա խոսքով, եթե այդ հարցում լինի պետության աջակցություն (այդ թվում՝ ֆինանսական), գործն ավելի արագ կընթանա։

Ըստ Արմեն Մարուքյանի, վերջին շրջանում ֆինանսավորման հարցում դրական տեղաշարժեր նկատվում են, Գիտության կոմիտեն նոր մրցութային ծրագրեր է իրականացնում, և իրենց բաժինը պատրաստվում է ծրագրեր ներկայացնել դրամաշնորհների բաշխման հաջորդ փուլում։ Այդ դրամաշնորհներն, ըստ նրա, կարող են օգնել նշված միջազգային չափանիշներին համապատասխան և՛ սեփական հայագիտական ամսագրերն ունենալու, և՛ դրսում հոդվածներ տպելու հարցում։

Միջազգային համագործակցություն եւ նոր ուղղություններ

Օտարերկյա հեղինակավոր հանդեսներում հոդվածների տպագրությունը Արմեն Մարուքյանը կարևորեց միջազգային հանրության շրջանում մեր ազգային, անվտանգային հարցերի նկատմամբ հայանպաստ հասարակական կարծիք ձևավորելու տեսանկյունից։ Գիտնականի համոզմամբ, Թուրքիան ինչ-որ զիջումների կգնա միայն միջազգային հանրության ճնշմամբ, ոչ իր կամքով, քանի որ ճանաչումն իր հետևից բերելու է հատուցման գործընթաց։

«Սկոպուսյան պատնեշը» հաղթահարելու համար նա առաջարկում է փորձել հոդվածներ հրապարակել օտարերկյա գիտնականների հետ համատեղ, և սկսել աշխատել, օրինակ, ցեղասպանագիտության բնագավառի արդիական համարվող համեմատական ցեղասպանագիտության ուղղությամբ։ «Այստեղ, թերևս, մարտավարական ճիշտ ձևն այդ հանդեսներում պարբերաբար հրապարակվող և խմբագրակազմի համար ընդունված արտասահմանցի մասնագետների հետ համահեղինակությամբ հոդվածներ հրապարակելն է։ Եթե մենք կարողանանք միջազգային ցեղասպանագիտական կառույցներում, օրինակ, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայում ակտիվություն դրսևորել, նաև մեր սփյուռքի հայագիտական կենտրոնները ակտիվացնել, կարծում եմ, որ այդ ձևով հնարավոր կլինի առաջ մղել հայկական մոտեցումները», - նշեց Մարուքյանը։

Ինքը՝ Մարուքյանը համեմատական ցեղասպանագիտության ուղղությամբ արդեն իսկ հոդվածների շարք է հրատարակել՝ վերհանելով Ռուանդայում կատարված ցեղասպանության և Հայոց ցեղասպանության ընդհանրություններն ու տարբերությունները։

Ռուանդայում կատարված ցեղասպանության ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն միջազգայնորեն ճանաչված է․ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ստեղծած հատուկ տրիբունալով դատապարտվել են այդ հանցագործության կազմակերպիչները։ Հայոց ցեղասպանությունը ևս մասնակի ճանաչվել և դատապարտվել է թուրքական ռազմական տրիբունալների կողմից։

Մեր քարոզչական սխալները

«Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան Թուրքիայում 1919-1921թթ․ գործած թուրքական ռազմական տրիբունալների որոշումների մասին մենք շատ քիչ ենք խոսում։ Այս փաստի կարևորությունը մեզ համար շատ մեծ է, և մենք պետք է անընդհատ սա թմբկահարենք», - ասաց Մարուքյանը, հավելելով, որ թուրքական պետության դատական իշխանությունը հեռակա կարգով մահվան է դատապարտել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, ինչը նշանակում է հանցագործության փաստի ճանաչում։ Իհարկե, «ցեղասպանություն» եզրույթը դեռ չկար, բայց հանցագործության փաստը ճանաչվել և դատապարտվել է թուրքական պետություն ինչպես դատական մարմնի, այնպես էլ օրենսդիր իշխանության՝ օսմանյան խորհրդարանի ընդունած որոշումներով։

«Երբ ասում ենք՝ մենք պայքարում ենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, քարոզչական, ինչպես նաև գիտական կոպիտ սխալ ենք թույլ տալիս։ Սա այն կարևոր կռվաններից մեկն է, որ կարող էինք ասպարեզ նետել նաև քարոզչական դաշտում։

Եթե սկսենք խոսել այն մասին, որ մենք պայքարում ենք, որպեսզի Թուրքիան վերահաստատի  1918-19 թթ․ Հայոց ցեղասպանության փաստի  ճանաչումները, մենք թուրքական կողմին դնում ենք շատ խոցելի վիճակում՝ վերջինիս ստիպելով անդրադառնալ այդ պատմական փաստերին, և պարզաբանումներ տալ, թե ինչո՞ւ մահվան դատապարտվեցին հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները։ Քարոզչական–տեղեկատվական պատերազմի տեսակետից սա թեև փոքր, բայց չափազանց կարևոր նրբություն է, որը մենք պետք է ի լուր աշխարհի ազդարարենք», - պարզաբանեց նա։ 

Պետության դերը եւ հայեցակարգի բացակայությունը

Ըստ Մարուքյանի, Թուրքիան տարբեր երկրների համալսարաններում թուրքագիտական ամբիոններ և կենտրոններ է բացել, որոնք զբաղվում են Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական պաշտոնական վարկածի տարածմամբ։

«Ի հակառակ սրան, մեր պետությունը չի համակարգում, չի նախանշում Հայաստանում և Սփյուռքում հայագետների գիտական աշխատանքների ռազմավարական ուղղությունները։ Մի կողմից դա կարող է դրական համարվել, քանզի, օրինակ, ի տարբերություն Ադրբեջանի պատմաբանների, հայ մասնագետները ակադեմիական ազատություններ ունեն և նրանց գիտական կարծիքն արտահայտելու որևէ սահմանափակում չկա։ Սակայն, մյուս կողմից, քանի որ խոսքը վերաբերում է հայ ժողովրդի համար ազգային, անվտանգային, գոյութենական նշանակության ունեցող այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են՝ Արցախյան հիմնահարցը և Հայոց ցեղասպանությունը, ապա հայկական պետությունն  այս առումով պետք է հանդես գա համակարգողի և ուղղորդողի դերում, մինչդեռ այս հարցերում մենք անգամ միասնական հայեցակարգ չունենք», - ասաց գիտնականը։

Նա հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության հարցում հայեցակարգային մի փաստաթուղթ ընդունվեց 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որտեղ հստակ գրված է, որ հայ ժողովուրդը հետայսու պայքարելու է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, այլև՝ այդ հանցագործության հետևանքների հաղթահարման համար։

«Պետք է թղթածրար պատրաստվեր, իրավաբանները պետք է Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավական մեխանիզմներ մշակեին, բայց գործընթացը կասեցվեց», - ասաց նա, նշելով, որ փորձագիտական մակարդակում, այդուհանդերձ, աշխատանքները շարունակվել են և ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում երկու մեծ ծրագիր է իրականացվել։ Երկու կոլեկտիվ մենագրություն է լույս ընծայվել, որոնցում ներկայացված և վերլուծված են Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի ոչ միայն ժողովրդագրական, մշակութային ու նյութական, այլև՝ տարածքային և բնական պաշարների կորուստները, ինչպես նաև այդ վնասների հետևանքները։ 

«Փորձագիտական մակարդակում աշխատանքները շարունակվում են, բայց հստակ պետական հայեցակարգ գոյություն չունի։ Հատկապես նոր իրողություններում, Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների լույսի ներքո, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հերթական փորձի գործընթացում, կարծես թե, այս խնդիրն աստիճանաբար երկրորդ պլան է մղվում, փորձ է կատարվում չհիշատակել, շրջանցել այդ հարցը։

Պետք է նշել, սակայն, որ 2015 թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից ի լուր աշխարհի արված հայտարարությամբ մենք Հայոց ցեղասպանության հարցում արդեն հատել ենք Ռուբիկոնը և հետդարձ ճանապարհ այլևս չկա», - նշեց նա։

Ադրբեջանի ցեղասպան գործողությունները և մեր չկատարած տնային աշխատանքը

Արմեն Մարուքյանի կարծիքով, մեր գիտնականները պետք է հետազոտության առարկա դարձնեն նաև Ադրբեջանի՝ հայ ժողովրդի նկատմամբ կատարած հանցագործությունների և պատասխանատվության հարցը։

«Նույն արցախյան բանակցային գործընթացում թերևս որևէ անգամ հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության խնդիրը քննարկման առարկա չի դարձել։ Դրա փոխարեն իրենք Խոջալուի դեպքերը ցանկացած միջազգային հարթակում փորձում են առաջ տանել և արդեն հասել են որոշ հաջողությունների» - ասաց նա, հավելելով, որ առաջին արցախյան պատերազմի հաղթանակով մենք ինչ-որ տեղ ինքնահանգստացանք, համարելով, որ հաղթող կողմ ենք ու դրա կարիքը չունենք։ Մինչդեռ, հարյուրավոր հայեր 1988-1990 թթ․կոտորածների զոհ դարձան, 400 հազարից ավելի ադրբեջանահայեր դարձան փախստական։

Ըստ նրա, մասնագիտական առումով ակնհայտ է, որ Ադրբեջանում հայերի դեմ կատարված հանցագործությունները համապատասխանում են 1948 թվականի ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին կոնվենցիային։ Բայց մինչ օրս անցյալ դարասկզբի և 1988-1990թթ․հայկական ջարդերը, պատերազմների ժամանակ քաղաքացիական բնակչության հատուկ թիրախավորումը որպես Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քաղաքականության դրսևորում գիտական ամբողջական և համապարփակ ուսումնասիրությունների առարկա չեն դարձել։ Եվ միայն վերջերս այդ թեման դարձել է Արմեն Մարուքյանի երիտասարդ ասպիրանտներից մեկի  ատենախոսության թեման, որն արդեն կատարվել է և մոտ ժամանակներս կկայանա աշխատանքի հրապարակային պաշտպանությունը։ «Մենք ունեցել ենք քրեական գործերի նյութերի, ականատեսների վկայությունների, այլ փաստաթղթերի ժողովածուներ, բայց Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը վերհանող ամբողջական գիտական ուսումնասիրություն դեռևս չի կատարվել։ Գիտաքաղաքական առումով սա չափազանց կարևոր գործ է, և քաղաքական կամքի առկայության դեպքում կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի հետ բանակցություններում», - ասաց նա։ 

Գիտնականը համոզված է, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի դեմ տեղեկատվական քարոզչական պայքարում պետք է պետական, համահայկական հայեցակարգ մշակվի, որպեսզի և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի գիտնականները հստակ կողմնորոշվեն, թե որն է իրենց անելիքը։ Շատ դեպքերում Սփյուռքում և Հայաստանում մարդիկ նույն աշխատանքն են անում, մեկը մյուսից տեղեկություն չունենալով։

«Մեր ռեսուրսներն առանց այդ էլ խիստ սահմանափակ են, հետևաբար նույն բանը զուգահեռ անելու փոխարեն մենք կարող ենք աշխատանքի ճիշտ վերաբաշխում կատարել։ Եթե հստակ հայեցակարգ և պետական համակարգում ունենանք, կարծում եմ, կատարվող աշխատանքների արդյունավետությունն էապես կբարձրանա։ Մասնագետներին հաճելի կլինի տեսնել իրենց ուսումնասիրությունների պրակտիկ կիրառումը քաղաքականության ու դիվանագիտության մեջ։ Որպեսզի հասկանանք, ի վերջո, որ ազգային պետություն ենք, որ դնում ենք մեր առջև խնդիրներ, այդ քաղաքականությունը գիտելիքահեն է, որը հիմնվում է մասնագետների, փորձագետների գիտական մշակումների ու հետազոտությունների վրա», - ասաց նա։

Անահիտ Սարգսյան