Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը հղի է լուրջ ռիսկերով, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այսօր բանակցություններում (ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ) քննարկեցինք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային կարգավորումը։ Ադրբեջանն այն դիրքորոշումն ունի, որ հակամարտությունը (Հայաստանի հետ) մնացել է անցյալում, եւ տեւական խաղաղության համար անհրաժեշտ է համագործակցություն։ Ադրբեջանի դիրքորոշումը պայմանավորված է բոլոր կողմերի կողմից եռակողմ համաձայնագրերի լիարժեք եւ անշեղորեն կատարման անհրաժեշտությամբ։ Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը հղի է լուրջ ռիսկերով»,- ուրբաթ օրը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում ասել է Բայրամովը։