Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից, վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով եւ շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում ավտոտեխսպասարկման կետում կայանած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել պայթյուն։ Վարորդ Դ․ Հ․-ն եւ աշխատակիցներ Խ․ Ա․-ն, Ս․ Ի․-ն, Ա․ Խ․-ն եւ Մ․-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։