Իրանը «անհիմն» է որակել Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի մեղադրանքներն այն մասին, որ Թուրքիայում վերաբնակեցված իսրայելցիները կարող են իրանական հարձակումների թիրախ դառնալ, հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Իրանի Իսլամական Հարապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ Իսրայելի մեղադրանքները տեղավորվում են մանուկներին եւ վտարվածներին սպանող ռեժիմի կողմից կազմակերված դավադրության շրջանակներում, ինչը նպատակ ունի տարաձայնություններ սերմանել երկու հարեւան մուսուլման պետությունների միջեւ: Նա նշել է, որ նման հայտարարությունները՝ Պաղեստինում իրենց իրականացրած հանցավոր գործողությունները հասարակության ուշադրությունից շեղելու ջանքերի մի մասն են եւ հավելել, որ գրեթե մեկ շաբաթ է լրատվամիջոցների միջոցով հող է նախապատրաստվում նման հայտարարության համար:

«Թուրքիան քաջ գիտակցում է կեղծ ռեժիմի ներկայացուցչի եւ սիոնիստ ահաբեկիչների հայտարարությունների անհիմն բնույթը։ Ակնկալվում է, որ այն լուռ չի անցնի այս պառակտող մեկնաբանությունների կողքով: Ռեժիմը բազմիցս ցույց է տվել, թե որքան անվստահելի է»,- ասել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ Իրանը վճռական պատասխան կտա Իսրայելական ահաբեկչական կամ դիվերսիոն ցանկացած գործողության՝ չսպառնալով անմեղ քաղաքացիների ու այլ երկրների ազգային անվտանգությանը: