«Ստարտափ» հասկացությունը հաճախ սխալ է մեկնաբանվում, NEWS.am-ը զրուցում ասում է ստարտափների զարգացմամբ զբաղվող BAJ Accelerator ընկերության համահիմնադիր գործընկեր Արմէն Խրլոբեանը։ Ստարտափը այն ընկերությունն է, որը շատ արագ կարող է աճել և ունի տեխնոլոգիական հիմք: Այս արագ աճը շատ կարևոր է, որովհետև Հայաստանի տնտեսության չափը միայն 12 մլրդ դոլար է: Ստարտափը, զարգանալով չորսից վեց տարի, կարող է արժենալ 1 մլրդ դոլար: «Այսինքն՝ 2-3 ստարտափ կարող է դառնալ մեր տնտեսության հիմքը»,- ասում է նա:

BAJ Accelerator-ը իր ծրագրերի շրջանակում փորձում այսպիսի ընկերություններ փնտրել, մարզել և օգնել, իսկ օգնության ձևերը զանազան են։ «Առաջինը՝ գումարով, քանի որ այսպիսի ընկերություններին արագ աճելու համար գումար է հարկավոր: Հաջորդը նրանց հարկավոր են հաճախորդներ, միջազգային կապեր, մենք դա ապահովում ենք։ Իսկ երրորդը՝ նրանց պատմությունները տարածելն է։ Օրինակ՝ հայկական երկու ռոբոտիքս առողջապահական կազմակերպություններին է անդրադարձել Times ամսագիրը»,- նշում է Արմէն Խրլոբեանը։

Կարևոր է, թե ով է ստարտափի հիմնադիրը

Ստարտափը ընտրելիս կարևոր է, թե ով է դրա հիմնադիրը․ «Քանի որ ամեն տարի ընկերությունն ավելի պետք է մեծանա, և կարիքները շատանան։ Պետք է հասկանալ՝ արդյո՞ք ղեկավարը հասկանում է, թե ինչ բարդ է սա անելը և արդյո՞ք գիտելիք ունի այն ոլորտի վերաբերյալ, որում ստարտափ է հիմնում։ Երկրորդ՝ դիտարկում ենք շուկան․ Հայաստանում շատ բարդ է մեծ գործարաններ կառուցել, բայց Շվեյցարիայի օրինակով մենք կարող ենք թեթև, բայց արժեքավոր արտադրանք տալ։ Մենք դիտարկում ենք, շուկայի պահանջները և փորձում հասկանալ, թե երբ տեխնոլոգիան կարող է ինչ-որ բան դառնալ, այդպիսով սկսում ենք համագործակցել, որպեսզի ստեղծվեն արժեքավոր ընկերություններ»:

Ներդրողները պետք է լավ հասկանան, որ եթե 10 ներդրում անեն, կեսը կձախողվեն, մեկը կամ երկուսը կարող են ունենալ լուրջ հաջողություն: «Շատ կարևոր է հասկանալ, որ գաղափարների մեծամասնությունը կարող է ձախողվել: Բայց ինչպես նշվեց, մեր տնտեսության չափը այժմ փոքր է, և մեծ թվով հաջող գաղափարների կարիք դեռևս չկա այն հզորացնելու համար»,- ասում է նա։

Ներկայումս հայկական շուկայում կան 20-ից ավելի հեռանկարային ստարտափներ:«Հայտնի օրինակներից PicsArt-ը, ServiceTitan-ը արդեն հատել են միաեղջյուրի սահմանը։ Նրանց հետևում են Embodied-ը, Skyla-ն, Crisp-ը և այլն, որոնք ևս աճում են։ Այսինքն՝ հաջողված ստարտափերը 2-3-ը չեն, բայց 1000-ն էլ չեն»,-նշում է Խրլոբեանը։

Նրա կարծիքով՝ ստարտափ ընկերությունները տարբերվում են սովորական ՏՏ ընկերություններից: «Ես գրեթե չեմ գործածում ՏՏ բառը, քանի որ ՏՏ-ն կախված է իր աշխատողների քանակից: Իսկ այսպիսի տեխնոլոգիական ընկերությունները կախված չեն աշխատողների քանակից, այլ կապը տեխնոլոգիայի ուժ հետ է։ Դրա համար պետք է մտածենք այսպես, քանի որ չունենք Հնդկաստանի չափ բնակչություն։ Մենք տեխնոլոգիապես հզոր պետք է լինենք: Բացի դրանից, լուրջ ՏՏ ընկերությունները նաև իրենց աշխատողներին բաժնետեր են դարձնում։ Մեծ ջանքեր ենք թափում, որ այս մշակույթը ներդրվի նաև Հայաստանում»։

Կարևոր է հասկանալ, որ ստարտափների հիմնադիրները ներդրումներ ներգրավելով կորցնում են ընկերությունում իրենց մասնաբաժինը։ «Ամեն անգամ, երբ ստարտափը ներդրումների կարիք ունի, 10-20 տոկոսով վաճառվում է, և հիմնադիրը կարող է, օրինակ՝ 5 անգամ ներդրումներ ներգրավել և վերջում իր ընկերության միայն քառորդ մասի սեփականատերը հանդիսանալ, բայց ինչպես ասում են՝ ավելի լավ է ունենալ ձմերուկի քառորդ մասը, քան խաղողի կեսը»։

Գիտությունը պետք է մտնի համալսարաններ

Խոսելով ստարտափների զարգացման խոչընդոտների մասին՝ Խրլոբեանը նշում է՝ կարևոր է, որ գիտությունը մտնի համալսարաններ, և ուսանողնեը լրջորեն զբաղվեն գիտությամբ․ «Քանի որ լուրջ տեխնոլոգիական ընկերություններ ստեղծելու համար գիտության կարիք կա։ Հիմա մարդիկ ավելի շատ բիզնես մասնագիտություններ են ընտրում, քան գիտական։ Զարգացման հաջորդ միջոցը միջազգային կապերն են, որ գումարներ ներդրվեն, բիզնես հրեշտակներ գան Հայաստան: Մենք այժմ ունենք ավելի քան 100 հայ ներդրող, որոնցից անգամ 50-ը շատ ակտիվ չեն, այս թիվը պետք է հասցնել գոնե 300-ի։ Լուրջ անձինք, ովքեր զբաղվում են ստարտափներով, հիմա քիչ են, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ նրանց թիվը ավելանա»:

Դրա համար, Խրլոբեանի խոսքով, մարդկանց պետք է բացատրել, որ տեխնոլոգիական հաջողությունները ուղիղ կապված են հայաստանյան տնտեսության զարգացման, անվտանգության հետ, այլ ոլորտների մասնագետները ևս պետք է մասնակցություն ունենան:

Զրուցակիցը ներկայացրեց նաև BAJ Accelerator-ի մենթորական ծառայության մանրամասները։ «Ներկայումս մենք տարին 3 անգամ ստարտափների ընդունելություն ենք իրականացնում, սկսում ենք 1-2 շաբաթյա կրթությամբ, հետո 6 ամիս հետևում ստարտափերի հաջողությանը։ Մենք հայկական ստարտափները կապում ենք փայլուն միջազգային մասնագետների հետ, և ամեն օր օգնում ենք նրանց հիմնադիրներին աճել, որ տնտեսությունը զարգանա»։