«Ուզբեկստանի Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նախատեսում է 5-ից նախագահական լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի, հայտնում է MK-ն։

Օրինագիծը հրապարակվել է այսօր։ Ավելի վաղ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւն առաջարկել էր սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնել եւ երկրի հիմնական օրենքը թարմացնել մինչեւ 2022 թվականի դեկտեմբեր։

Օրենսդիրների կողմից այն առաջին ընթերցմամբ հաստատվելուց հետո օրինագիծը հրապարակվել է հանրային քննարկման համար։

Գործող սահմանադրությունը նախատեսում է, որ Ուզբեկստանի Հանրապետության նախագահն ընտրվում է երկրի քաղաքացիների կողմից՝ ընդհանուր, հավասար եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով։

Միրզիյոեւն առաջին անգամ Ուզբեկստանի նախագահ է ընտրվել 2016 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրություններում՝ պետության առաջին ղեկավար Իսլամ Քարիմովի մահից երեք ամիս անց։ 2021 թվականի հոկտեմբերին Միրզիյոեւը կրկին հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 80,12 տոկոսը։