Ճապոնիայի արեւելքում գտնվող քաղաքներից մեկում շաբաթ օրը գրանցվել է երկրի ամենաբարձր ջերմաստիճանը հունիսի համար՝ գերազանցելով 40 աստիճանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով օդերեւութաբանական բյուրոյին։

Ջերմային ալիքը, որը, Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության (JMA) կանխատեսմամբ, կշարունակվի ողջ ամառվա ընթացքում, եկել է այն ժամանակ, երբ կառավարությունը տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին կոչ է արել խնայել էլեկտրաէներգիան՝ մինչեւ սեպտեմբեր էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումներից խուսափելու համար:

JMA-ի տվյալներով՝ շաբաթ օրը կեսօրին օդերեւութաբանական կայանը +40,2  է գրանցել Իսեսակի քաղաքում՝ Տոկիոյից 85 կիլոմետր հյուսիս-արեւմուտք:

Այս ցուցանիշը գերազանցել է Ճապոնիայի ամենաշոգ հունիսյան օրվա նախորդ ռեկորդը՝ +39,8 աստիճան, որը դիտարկվել է 2011 թվականի հունիսի 24-ին։

«Խաղաղ օվկիանոսից ուժեղ անտիցիկլոնը, որը զուգորդվում է մաքուր երկնքի հետ, ջերմություն է բերել»,- ասել է JMA-ի ներկայացուցիչը:

Տոկիոյի կենտրոնում գտնվող մեկ այլ եղանակային կայան ավելի վաղ գրանցել էր +35,4, ինչը ամենավաղն է դարձել 1875 թվականից սկսած՝ երբ մայրաքաղաքում ավելի քան +35 ջերմաստիճան է դիտարկվել, որը համարվում է ծայրահեղ շոգ Ճապոնիայում:

Շաբաթ օրը JMA-ն եւ շրջակա միջավայրի նախարարությունը ջերմային հարվածի մասին ահազանգ են տվել երկրի 47 պրեֆեկտուրաներից վեցում՝ խորհուրդ տալով մարդկանց մնալ տանը եւ օգտագործել օդորակիչներ: