Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը անպայման պետք է ստուգվի՝ դրա համապատասխանությանը Սահմանադրության ամփոփոխելի հոդվածներին, նախօրոք պետք է ստուգվի, մինչեւ հանրաքվեի դրվելը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին։

«Մենք որեւէ կերպ ներգրավված չենք այդ բարեփոխումներին, որովհետեւ մենք պարզապես իրավունք չունենք ներգրավվել այդ աշխատանքներում։ Այն որպես կանոն ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական կոմպոնենտ ունի, դրա համար մենք նախապես կարծիք չենք հայտնում։ Դա պայմանավորված է այն սովորական արգելքով, որ դատարանները կարծիք չեն հայտնում այն հարցի վերաբերյալ, որը հետագայում կարող է Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ»,- նշեց նա։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը՝ ՍԴ նախագահն ասաց. «Լսել եմ ձայնագրությունը, բայց անկեղծ ասած՝ չեմ կարող կարծիք հայտնել հատկապես քրեաիրավական առումով ես չեմ կարող գնահատել»։