Ակնկալվում է, որ շաբաթ օրը տասնյակ հազարավոր ցուցարարներ կհավաքվեն Մյունխենում, քանի որ Տնտեսական ուժերի յոթնյակն իր տարեկան հանդիպումն է անցկացնում Գերմանիայի Բավարական Ալպերում, որն այս տարի ըստ իր հերթի նախագահում է G7-ում, հաղորդում է AP-ն:

Ոստիկանությունը սպասում է, որ առնվազն 20 000 ցուցարարներ կլինեն բավարական քաղաքում, հաղորդում է գերմանական dpa գործակալությունը։ Ցույցերին կմասնակցեն գլոբալացմանը քննադատող 15 կազմակերպություններ՝ Attac-ից մինչեւ WWF բնապահպանական կազմակերպություն:

Նրանց պահանջներից են հանածո վառելիքից աստիճանական հրաժարումը, կենդանական ու բուսական աշխարհի բազմազանության պահպանումը, մոլորակի վրա սոցիալական արդարությունը եւ սովի դեմ պայքարի ուժեղացումը։

Ակնկալվում է, որ G7-ի երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի առաջնորդները շաբաթ օրը կսկսեն ժամանել Գերմանիա եւ կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ուկրաինայի հակամարտությունը, կլիմայի փոփոխությունը, էներգետիկան եւ պարենային անվտանգության սպասվող ճգնաժամը։