Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Այս մասին  հայտնում են ընկերությունից:

Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը: Նշենք, որ Երևան - Ստամբուլ - Երևան, Երևան - Փարիզ - Երևան և Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։

Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները:

Թռիչքի ամսաթվի փոփոխություն;

Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում;

Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը։

NEWS.am-ին FLYONE ARMENIA  ընկերությունից չցանկացան մեկնաբանել, թե Թուրքիայի ավիացիոն իշխանությունները, ինչ հիմնավոր պատճառ են ներկայացրել, որով ավիաընկերությանը արգելել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։