Կգա ականատեսը եւ կասի, որ Ռոման է իրեն զանգահարել եւ կանչել Նիգավանի աղբանոց։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, Ապարանում, լրագրողների հետ զրույցում ասաց մոտ մեկ շաբաթ առաջ Ապարանում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով սպանված Համիկ Միքաելյանի եղբայրը՝ նկատի ունենալով Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդուն։

«Այստեղ շուտով կգա այն մարդը, ով եղել է դեպքի վայրում, ով ծեծվել է, ով վկայություն է տվել, բայց չգիտենք՝ վկայությունտ տեղ հասել է, թե ոչ: Այդ մարդը ռեալ կարող է ասել, թե ովքեր է եղել այնտեղ: Այստեղ այսքան մարդ հավաքվել է, որովհետեւ մտավախություն կա, որ մեր կամ ականատեսների ցուցմունքները չեն հասնում տեղ: Իմ եւ մյուսների անունից ես վարչապետին եմ խնդրում, որ հրաման տա իրականացնել լուրջ քննություն, որ մենք տեսնենք՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու կատարվածի համար»,- ասաց նա:

Ըստ սպանված Համիկ Միքաելյանի եղբոր՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ:

«Ես դեպքի մասին իմացել եմ այն ժամանակ, երբ արդեն հիվանդանոց էի տեղափոխել տուժածներին: Եղբայրս դեպքը սկսվելու նախորդ օրը եղել է Երեւանում: Հաջորդ օրը վերադարձել է ու դեպքը սկսվելուց կես ժամ առաջ է իմացել դեպքի մասին: Դեպքը սկսվել է առաջինը այն մարդուց, ով 30 տարի Ապարանում այնպես է արել, որ նման դեպք չլինի: Ամեն ինչ սկսվել է Կարպոյից: Գրվում է «Infinity», բայց չի գրվում, թե ու՞մն է: «Infinity» Կարպոյին է եղել։ Այն երեք հոգին, ովքեր ապարանցի են, բայց չեն ապրում ապարանում, ազդանշան են տվել Կարպոյին, մեքենայից իջել են ու սկսել են իրար չհասկանալ: Դրան հաջորդել է Ապարանից դուրս գալ, քաշքշել իրար, գոռգռալ իրար վրա եւ այլն: Երեւանից եկողներից մեկը սկսել է օդ կրակել երկու անգամ, հետո իրեն ասել են, որ պահի այդ զենքը: Հաջորդ օրը երեւանցիները եկել են Ռոմանի մոտ, ով Փարվանյանի հորեղբոր տղան է, եկել են, որ հարցերը լուծի: Ռոմանն էլ սկսել է կապ հաստատել դեպքի մասնակիցների հետ: Կգա ականատեսը եւ կասի, որ Ռոման է իրեն զանգահարել եւ կանչել Նիգավանի աղբանոց: Ռոմանն էլ ներկայացել է, որ իրենք են Ապարանում հարց լուծում: Գազալցակայանում առաջինը ծեծել են Ռաֆոյին, ով միջադեպին մասնակից է եղել այնքանով, որ այստեղ տաքսի է վարում եւ լսլով ձայները գնացել է»,-ասաց նա:

Սպանվածի եղբոր պահանջը արդար քննություն անցկացնելն է:

«Ոչ ոք չի ճանաչում Ռոմանին հարց լուծող, Ռոմանի հարց լուծելը ավարտվում է նման դեպքերով, որն էլ որ արյունալի չի եղել ուղղակի հրաշքով են պրծել: Ռոմանի տանեցիները պետք է իրենց իրերը հավաքեն ու դուրս գան Ապարանից, իրենք պետք է հասկանան, որ Ապարանում տուն չունեն: Մեր այստեղ լինելու ամբողջ իմաստը այն է, որ ամեն ինչ պարզվի: Դեպքի օրը ամեն ինչ պլանավորված է եղել: Իրենք եկել էին այնտեղ կրակելու նպատակով: Կրակոցներից մեկ րոպե հետո մարդ չի եղել կրակողներից»,-ասաց սպանվածի եղբայրը:

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ, նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:

Ավելի ուշ՝ երեկոյան, վիճաբանությունը շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել են, իսկ հինգ անձ տեղափոխվել են Երեւանի բժշկական կենտրոններ:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ եղբայրները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել է նրանից, որ Ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, կան տեղեկություններ, որ նրանք կրակել են ոչ թե որսորդական հրացանից, ինչպես պնդում է ոստիկանությունը, այլ «Կալաշինիկով» տիպի ինքնաձիգից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր եւ իր ընտանիքի անդամների մասնակցությունը միջադեպին։ Այս տեղեկությունները կեղծ է որակել նաեւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։

Մահացած եւ տուժած բոլոր 7 քաղաքացիներն էլ Ապարանից էին։ Մահացած տղաները՝ 27–ամյա Համիկ Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանն էին։  Երկուսն էլ ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։  Մյուս մահացածը՝ 27-ամյա Տիգրան Հարությունյանը աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է:

18-ամյա Հրաչյա Երեմյանը եւ Տիգրան Ղազարյանը, որոնք դասընկերներ են, նույնպես այդ միջադեպի հետեւանքով վիրավորվել են եւ գտնվում են հիվանդանոցում։ Հրաչյան, ըստ ապարանցիների՝ առաջիկա օրերին  պետք է զորակոչվեր բանակ, իսկ Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ լինելու պատճառով ազատված է բանակից։ Նրան խնամում է տատը։ Մյուս երկու վիրավորները նույնպես Ապարան քաղաքի բնակիչներ են, ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ նրանց 32-ամյա Սասուն Հայրապետյանն ու 33-ամյա Արմեն Բաղդասարյանն են։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեկան գործ։