Մինչ ռուսական ուժերը շարունակում են իրենց անողոք արշավն Ուկրաինայում, գրոհին դիմակայելու երկրի կարողությունը, առավել քան երբեւէ, կախված է Միացյալ Նահանգների եւ դաշնակիցների օգնությունից`ներառյալ հրամանատարների եւ լրտեսների գաղտնի ցանցը, որոնք շտապում են զենք եւ հետախուզական ուժեր տրամադրել, ինչպես նաեւ վերապատրաստել ուկրաինացիներին: Այս մասին գրում է New York Times-ը:

Այս աշխատանքները հիմնականում իրականացվում են Ուկրաինայից դուրս՝ Գերմանիայում եւ Ֆրանսիայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ռազմաբազաներում։ Հակառակ Ջո Բայդենի հայտարարությանն այն մասին, որ ամերիկացի զինվորները Ուկրաինա չեն ուղարկվի, ԿՀՎ-ի որոշ անդամներ շարունակում են աշխատել այնտեղ։

«Ուկրաինայի տարածքում միաժամանակ գործում են մի քանի տասնյակ «կոմանդոսներ» ՆԱՏՕ-ի երկրներից՝ Կանադայից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից։ Ամերիկացի երեք պաշտոնյաներ հաստատել են, որ Միացյալ Նահանգները, մինչեւ պատերազմի մեկնարկը, հետ է կանչել իր 150 ռազմական հրահանգիչներին։ Սակայն այդ ժամանակվանից ի վեր այդ դաշնակիցների «կոմանդոսները» կա՛մ մնացել են, կա՛մ ժամանել Ուկրաինա՝ զորքերին վարժեցնելու եւ խորհուրդներ տալու, ինչպես նաև տեղում զենք տրամադրելու եւ այլ օգնություն ցուցաբերելու նպատակով»,- գրել է թերթը։

ԿՀՎ-ի, ռազմական անձնակազմի կամ հատուկ նշանակության ջոկատների գործունեության մասին մանրամասները քիչ են, սակայն երկրում նրանց ներկայությունը, դիվանագիտական ​​կորպուսի անդամների Կիեւ վերադառնալու ֆոնին, ակնարկում է Ուկրաինային օգնելու շարունակական գաղտնի ջանքերի եւ Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների ստանձնած ռիսկի մասին։

Հոդվածում նշվում է, որ ակնկալվում է, որ Բայդենն ու դաշնակիցները «Մեծ յոթնյակի», ապա ՆԱՏՕ-ի գագաթաժողովների ընթացքում կքննարկեն Ուկրաինային լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը: