Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կպատասխանի զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Սիրելի հայրենակիցներ, լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ էջի եթերում կպատասխանեմ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

ԶԼՄ-ները և հ/կ-ները մինչեւ հունիսի 27-ը՝ ժամը 12.00-ն կարող են իրենց հարցն ուղարկել [email protected] էլ. փոստին:

Հարցուպատասխանը կտևի մոտ 2 ժամ»,- գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 30-ից ավելի լրատվամիջոցներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում: