Կոլումբիայի առաջին «ձախ» նախագահ Գուստավո Պետրոն պաշտոնը կստանձնի օգոստոսին`Ամազոնի անձրեւային անտառներում անտառահատումների ռեկորդային բարձր ցուցանիշին վերջ տալու հավակնոտ առաջարկներով, հայտնում է AP լրատվականը:

Պետրոն խոստացել է սահմանափակել դեպի անտառներ ագրոբիզնեսի ընդլայնումը՝ ստեղծելով արգելոցներ, որտեղ բնիկ համայնքներին, եւ ոչ միայն, կթույլատրվի հավաքել կաուչուկ, աքայ եւ այլ անտառային ապրանքներ: Բացի այդ, նորընտիր նախագահը խոստացել է, որ ածխածնային վարկերից ստացված հասույթը կուղղվի անտառների վերականգնման ֆինանսավորմանը:

«Կոլումբիայից մենք մարդկությանը պարգև, դեղամիջոց եւ լուծում կտանք՝ Ամազոնի անձրեւային անտառներն այլևս չայրելու, այն իր բնական սահմանին վերադարձնելու, մարդկությանը՝ այս մոլորակի վրա ապրելու հնարավորություն տալու համար», - ասել է Պետրոն՝ ելույթ ունենալով Ամազոնի անտառներում:

2021 թվականին կոլումբիական Ամազոնը 98 հազար հեկտար կուսական անտառ է կորցրել անտառահատումների եւ եւս 9 հազար հեկտար՝ հրդեհների պատճառով: Երկու պարագայում էլ ցուցանիշն ավելի ցածր է, քան 2020 թվականինը, սակայն, մոնիթորինգի համաձայն, 2021 թվականը չորրորդն է վատագույն տարիների ցանկում: