Հունիսի 28-30-ին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում կարող է որոշում կայացվել`Սառը պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ ռազմական տեղակայման մասին, գրում է իսպանական El País թերթը:

Նշվում է, որ դաշինքի անդամները պատրաստ են ինտենսիվ սպառազինությունների մրցավազք սկսել՝ Արևելյան Եվրոպան հազարավոր զինվորներով եւ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայով ամրոցի վերածելու նպատակով։

Հոդվածի համաձայն`որոշ դաշնակից պետություններ ցանկանում են առաջ շարժվել դաշինքի արեւելքում առկա ներկայությունից՝ այս կերպ ցանկանալով հասկացնել, որ ՆԱՏՕ-ն զգոնության մեջ է եւ պատրաստ է պատասխանել ցանկացած անդամ պետության դեմ իրականացվող ագրեսիայի։

Բացի այդ, կազմակերպությունը մտադիր է օգնել դաշնակիցների ռազմական բյուջեները մեծացնելու հարցում։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը դադարեցնում է հարաբերությունները Մոսկվայի հետ`ՌԴ-ն նշելով, որպես սպառնալիք։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա եվրոպական դաշնակիցները կողմ են Պեկինի հետ լարվածությունը չսրելուն։ Այսպիսով, Չինաստանը կդիտվի ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես աշխարհառազմավարական եւ համակարգային մարտահրավեր։