Ֆրանսիական երեք էներգետիկ ընկերությունների ղեկավարներն այսօր Ֆրանսիայի ժողովրդին կոչ են արել, Ռուսաստանից մատակարարումների կրճատման հետեւանքով առաջացած պակասուրդի եւ գնաճի պայմաններում՝ անհապաղ նվազեցնել վառելիքի, նավթի, էլեկտրաէներգիայի եւ գազի սպառումը, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:

«Ջանքերը պետք է լինեն անհապաղ, կոլեկտիվ եւ զանգվածային: Յուրաքանչյուր ժեստ կարևոր է», - նշել են երեք ընկերությունների՝ TotalEnergies-ի, EDF-ի եւ Engie-ի ղեկավարները՝ ֆրանսիական Journal du Dimanche շաբաթաթերթում հրապարակված հազվագյուտ համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ամռանը ձեռնարկած քայլերը կօգնեն ձմռան ամիսներին:

Հիշեցնենք, որ, ի պատասխան ռուս-ուրաինական պատերազմի հետեւանքով Կրեմլի նկատմամ եվրոպական պետությունների կողմից սահմանված պատժամիջոցների, Ռուսաստանի Դաշնությունը մասամբ կամ ամբողջությամբ դադարեցրել է ռուսական նավթի արտահանումն վերոնշյալ պետություններ:

Ֆրանսիան, ինչպես եւ մյուս եվրոպական պետությունները, փորձում են լրացնել վառելիքի պաշարները՝ վաղ աշնանը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամերից խուսափելու նպատակով:

Վառելիքից բացի, երաշտի պատճառով, կրճատվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրությունը:

«Էներգիայի թանկացող գներն այս դժվարությունների արդյունքն են, որոնք սպառնում են մեր սոցիալական եւ քաղաքական համախմբվածությանն ու ուժեղ ազդեցություն ունեն ընտանիքների գնողունակության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։