Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 50-ամյա Արթուր Մանուկյանի վարած ԳԱԶ 53 մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Լևոն Մկրտչյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, հարվածել շինության բետոնե 2 հենասյուներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազալցակայանի հարևանությամբ տեղադրված ցայտաղբյուրի մոտ։

Վթարի հետևանքով ԳԱԶ 53-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ 

Օպերատիվ է գործել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որը մինչեւ ԳԱԶ 53-ի վարորդին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։