Հինգ մարդ տուժել է Բիրմինգհեմում (Բրիտանիա) պայթյունի հետեւանքով, փլուզվել է մեկ տուն, տեղեկացրել է Արեւմտյան Միդլենդ շրջանի հրշեջ ծառայությունը։

Հրշեջների կարծիքով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով։ Նրանց տվյալներով՝ մեկ տուն լիովին փլուզվել է, եւս երեք տուն զգալի չափով վնասվել է, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեկ տղամարդ փրկվել է մինչեւ հրշեջ ծառայության գալը եւ հանձնվել է Արեւմտյան Միդլենդի շտապօգնության ծառայությանը, այնուհետեւ տեղափոխվել է Եղիսաբեթ թագուհու հիվանդանոց։ Նա կյանքի համար վտանգավոր վնասվածքներ է ստացել։ Եվս չորս մարդու տեղում օգնություն է ցուցաբերվել. նրանց վնասվածքներն աննշան էին»,- նշվել է հրշեջ ծառայության կայքում։

Մինչ այդ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Բիրմինգհեմում տեղի է ունեցել պայթյուն, մեկ տուն փլուզվել է, մի քանիսը վնասվել են։ Տեղեկացվել էր նաեւ տուժածների առկայության մասին։