Իսրայելի իշխանությունները կարող են թույլ տալ Իրանին Թեհրանի եւ միջազգային տերությունների միջեւ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների վերականգնման նախօրեին նավթ մատակարարել Սիրիային։ Այս մասին տեղեկացրել է The Times of Israel պարբերականը։ Տեղեկացվել է, որ արտահանումը կարող է կատարվել ԱՄՆ-ի վերահսկողությամբ։

Երեք լցանավ արդեն Իրանից ուղեւորվել է Սիրիա, գրել է The Times of Israel-ը՝ հղում կատարելով ոչ հավաստի աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Իրանից պահանջել են չօգտագործել նավերը զենք տեղափոխելու համար եւ նավթի տեղափոխումն իրականացնել առավելագույն թափանցիկությամբ։

ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն ավելի վաղ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հաստատել էր, որ պատրաստվում են շարունակել Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները։ Մինչ այդ նման հայտարարություններով հանդես էր եկել Իրանի ԱԳՆ-ն։

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները միեւնույն ժամանակ հավաստիացրել են Սենատին, որ Վաշինգտոնը պատրաստ է խստացնել պատժամիջոցներն Իրանի դեմ, եթե բանակցությունները Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերաբերյալ տապալվեն։ Politico-ի տեղեկատվությամբ՝ ամերիկյան պաշտոնյաները համապատասխան երաշխիքներ են ներկայացրել օրենսդիրներին փակ ճեպազրույցի շրջանակում։