Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հումքային ծուղակ է պատրաստում, տեղեկացրել է Welt գերմանական թերթը։

Թերթի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահը կարող է գործընկերային հարաբերություններ հաստատել Բոլիվիայի հետ, որն աշխարհում լիթիումի ամենամեծ պաշարներն ունի։ Բացի այդ, հարավամերիկյան երկրի իշխանությունները գործընկերներ են փնտրում, որոնք կօգնեն հումքի արդյունահանման գործում։ Ինչպես հավաստիացրել է Welt-ը, գլխավոր հավակնորդը Ռուսաստանն է։

Պարբերականի հեղինակը՝ Թոբիաս Կաուֆերը, նաեւ գրել է, որ եթե Ռուսաստանը հաջողության հասնի այս հարցում, Եվրոպան կարող է եւս մեկ կախվածություն ձեռք բերել Մոսկվայից։ Լիթիումի պաշարները Բոլիվիայում հասնում են 21 մլն տոննայի։

Հունիսի 27-ի գիշերը հայտնի է դարձել, որ «Մեծ յոթնյակի» (G7) երկրները քննարկում են  ռուսական նավթի գների սահմանափակման հնարավորությունը՝ տեղափոխման եւ ապահովագրման համար նրա արժեքի սահմանափակիչ շեմ մտցնելու միջոցով։ Bloomberg-ի տեղեկատվությամբ՝ պոտենցիալ մեխանիզմը թույլ կտա տեղափոխել միայն այն նավթը եւ նավթամթերքները, որոնց արժեքը ցածր է համաձայնեցված շեմից։ Ընդ որում՝ նշվել է, որ համաձայնագիրը դեռեւս չի ընդունվել, ներկայում հարցի վերաբերյալ բանավեճեր են ընթանում։