Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արտակ Զեյնալյանը դիրքորոշում չի հայտնում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած հայտնի ձայնագրության վերաբերյալ։

«Իրավական գործընթաց է գնում ու ես, որպես դատավորի թեկնածու, պարտավոր եմ դիրքորոշում չհայտնել», - այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը։

Նա ասաց, թե իրեն թույլ չի տվել լսել այդ ձայնագրությունը. «Ես նմանատիպ ձայնագրություններ չեմ լսում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն է հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։

Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, իսկ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, և նա մնալու է ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ:

Հանրային հեռուստաընկերության եթերում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, թե զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո ինքն արդեն գլխի էր ընկել, որ Վարդազարյանն իրեն ձայնագրում է։ Նա նաեւ նշել է, որ ձայնագրությունը 2 ժամից ավելի է եւ եթե ամբողջական ձայնագրությունը Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ։

ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է թեմային՝ հայտարարելով, թե ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ։