Կրեմլը համաձայն չէ այն պնդումների հետ, որ Ռուսաստանը թերացել է իր արտաքին պարտքի մասով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը քաջ հայտնի է: Այն կայանում է նրանում, որ Արեւմուտքն անօրինական կերպով արգելափակել է ակտիվները, եւ այդ գումարները որեւէ կերպ օգտագործելու փորձերը եւս անօրինական են լինելու, «ըստ էության, ուղղակի գողություն կնշանակեն»։

«Դեֆոլտի մասին այդ հայտարարություններն այս դեպքում եւս բացարձակապես իրավաչափ չեն, քանի որ դեռ մայիսին կատարվել է  արտարժույթով անհրաժեշտ վճարումը։ Իսկ այն փաստը, որ Euroclear-ը պահել է այդ գումարը, չի հասցրել հասցեատերերին, դա արդեն մեր խնդիրը չէ։ Այսինքն՝ այս դեպքում իրավիճակը դեֆոլտ անվանելու հիմք չկա»,- ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը։

Ամերիկյան Bloomberg գործակալությունը պնդում է, որ Ռուսաստանում երկուշաբթի գիշերը դեֆոլտ է տեղի ունեցել՝ առաջին անգամ 1918-ից ի վեր։