Հայաստան-Ռուսաստան ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ավտոմեքենաները, որոնք երեկվանից Վերին Լարսի անցակետի ճանապարհին սպասում են դրա բացվելուն, ստիպված վերադառնում են Հայաստան։ NEWS.am-ի հետ զրույցում ուղեւորափոխադրող ընկերություններից հայտնեցին, որ իրենց տեղեկություններով՝ ճանապարհը, որը փակվել է հեղեղումների եւ քարաթափման պատճառով, փակ կմնա առնվազն 1 շաբաթ, այդ պատճառով էլ մեքենաները վերադառնում են։ 

Լարսի անցակետի փակվելու հանգամանքով պայմանավորված՝ NEWS.am-ի խմբագրությունը ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնցից մեկի խոսքով՝ հեղեղումների հետեւանքով փլուզվել է կամրջի մի հատված, Ռուսաստանի կողմից 6-7 կիլոմետր մարդատար մեքենաների հերթ է գոյացել, 10 կիլոմետր էլ՝ բեռնատարների։ Վրաստանի կողմից փչացող սննդամթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ են կայանված։

Հիշեցնենք, որ Վերին Լարս տանող ճանապարհին արտակարգ իրավիճակ է առաջացել։ Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի) փլուզում է եղել: Վնասված հատվածը 80 կմ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։