Ավստրալական Ռեդլենդ քաղաքի քաղաքապետ Կարեն Ուիլյամսը հանդիպում է անցկացրել հարբած վարորդների զոհերի հետ, որից հետո խմել է եւ վթարի է ենթարկվել, հայտնում է ABC News-ը։

Նա խոստովանել է, որ «չմտածված որոշում» է կայացրել եւ ավտոմեքենայով է տուն գնացել, ընդ որում, ոստիկանությունը նրան մեղադրանք չի առաջադրել, եւ վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, ասվում է հրապարակման մեջ։

Միջադեպից հետո մի շարք ավստրալացի քաղաքական գործիչներ եւ իրավապաշտպաններ Ուիլյամսին կոչ են արել հեռանալ քաղաքապետի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2012-ից: Ընդդիմության առաջնորդ Փիթեր Դաթոնը հայտարարել է, որ քաղաքական գործիչները պետք է որպես ուժեղ օրինակ ծառայեն:

Ուիլյամսն ի պատասխան հայտարարել է, որ լուրջ սխալ է թույլ տվել եւ խորապես զղջում է կատարվածի համար, բայց չի պատրաստվում հրաժարական տալ։ Ընդ որում, նա հեռացվել է Բրիսբենի օլիմպիական խորհրդից։