Արցախի հանրապետության Հաթերք գյուղում նախօրեին տեղացավ կարկուտն ամբողջապես վնասել է մրգատու ծառեր, բանջարաբոստանային պտուղներ, տասնյակ ավտոմեքենաներ եւ տան տանիքներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը:

«Սարսափելի կարկուտ էր՝ ահռելի մեծությամբ: Այն ամբողջությամբ վնասել է մեր ծառերը, բանջարաբոստանային պտուղները, եգիտացորենի դաշտերն են մեծ վնասներ կրել: Մեր գյուղում 100-ից ավել մեքենա է վնասվել, 30-ից ավել դիմապակի է ջարդվել, դեպքեր են եղել, որ կարկուտը ծակել եւ մտել է մեքենայի մեջ: Տան կտուրներ են շատ վնասվել, ընտանիքներ ունենք, որոնց տեղափոխել ենք, քանի որ կարկուտն ամբողջությամբ վնասել է իրենց տան տանիքը, որոշ դեպքերում՝ տան գույքն էլ է վնասել»,- պատմեց Գրիգորյանը:

Գյուղապետի խոսքով՝ վնասվել են նաեւ գյուղամիջյան ճանապարհներ, անձրեւաջրերը պղտորել են գյուղի ակունքից եկող ջուրը, կարկուտի ժամանակ եղած կայծակի հետեւանքով թուլացել է կապը:

«Մենք նման ծավալի կարկուտ չենք հիշում: Հույս ունենք՝ կփոխահատուցեն մեզ, որովհետեւ այս պահին գյուղացու ամբողջ աշխատանքը հավասարվել է հողին:  Ավտոմեքենաների մասով էլ՝ եթե թեկուզ միայն դիմապակիների մասով փոխհատուցեն, շատ կօգնեն»,- ընդգծեց Վարդան Գրիգորյանը: