Instagram հավելվածի ծրագրավորողները գործարկել են դեմքերի սքանավորման գործառույթ, որը որոշում է օգտատերերի տարիքը, հայտնում է Business Insider-ը՝ հավելելով, որ նոր գործառույթը կիրառվում է Միացյալ Նահանգներում:

Նորամուծությունը նպատակ ունի հստակեցնել հավելվածից օգտնվողների տարիքային 18-ից բարձր կամ ցածր շեմը: Մեծահասակների տարիքը ստուգելու երեք տարբերակ կա՝ ներբեռնել անձը հաստատող փաստաթուղթ, ընկերներին խնդրել հաստատել իր տարիք կամ ինքնանկար անել:

Վերջին տարբերակն ընտրելու դեպքում ինքնանկարը փոխանցվում է անգլիական Yoti սթարթափին, որի ալգորիթմները դեմքի սքանավորման միջոցով պարզում են օգտատիրոջ տարիքը: Այս տվյալները կօգտագործվեն, տարիքային սահմանափակումները հաշվի առնելով՝ հավելվածում առաջարկվող նյութերը հստակեցնելու համար:

Հրապարակման մեջ նշվում է, որ Instagram-ը եւ Yoti-ն օգտատիրոջ տարիքը ճշտելուց հետո չեն պահպանելու տվյալները: Օրինակ անձնագրի լուսանկար կիրառելու դեպքում՝ այն 30 օր անց կջնջվի: