Եվրոպացի եւ ԱՄՆ պաշտոնյաները չեն ակնկալում, որ Թուրքիայի մտահոգությունները Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ կփարատվեն ՆԱՏՕ-ի այս շաբաթ նախատեսված գագաթաժողովից առաջ, CNN-ին ասել են ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաները, փոխանցում է  CNN-ը:

Այնուամենայնիվ, որոշ պաշտոնյաներ կարծում են, որ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը որպես վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերման վայր դիտարկել, որոնք կարող են գործընթացն առաջ մղել:

«Իմ լավագույն կանխատեսումն այն է, որ նրանք Մադրիդում դա վերջնակետին կհասցնեն: Նրանք եւս գերադասում են զիջումների գնալ առաջնորդների մակարդակով, նրանք կարծում են, որ դա բարձրացնում է իրենց կարգավիճակը»,- ​​ասել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը՝ քննարկելով այս հարցը։ «Թուրքիայի ստանդարտ աշխատանքային ընթացակարգը մինչեւ վերջին հնարավոր պահը զիջումների չգնալն է։ Եւ այս վերջին հնարավոր պահը սովորաբար որպես Միացյալ Նահանգների նախագահի հետ երկկողմ համաձայնություն է սահմանվում, որին հաջորդում է առաջնորդների հանդիպումը»:

Սակայն թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք բանակցությունների «սահմանափակ ժամանակացույց» չեն տեսնում, իսկ որոշ ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաներ վստահ չեն, որ Թուրքիան պատրաստ է համաձայնության գալ Իսպանիայում:

Սպիտակ տան պաշտոնյաները զգուշավոր են այն հարցում՝ արդյո՞ք Բայդենն ու Էրդողանը կհանդիպեն Իսպանիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: Պաշտոնյայի խոսքով՝ ակնկալվում է, որ երկու առաջնորդները ինչ-որ պահի կխոսեն անդամակցության գործընթացի մասին, թեեւ այն չի կարող պաշտոնական երկկողմ հանդիպման վերածվել, նշել է աղբյուրը։

Ամերիկացի պաշտոնյաները զգուշավորությամբ են մոտենում քննարկումներին Բայդենի անմիջական ներգրավմանը՝ գիտակցելով, որ ԱՄՆ անմիջական մասնակցությունը կարող է բարձրացնել խաղադրույքները եւ սրել Էրդողանի պահանջները, այդ թվում՝ ԱՄՆ-ում բնակվող հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հավանական հայտը, որին Էրդողանը մեղադրում է 2016-ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այնուամենայնիվ, նրանք վստահ են, որ երկու երկրների հայտերն ի վերջո կբավարարվեն։