Բրիտանացի եւ ավստրալացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ Արեւմուտքում քաղաքական գործիչներն ավելի երկար են ապրում քան իրենց ընտրողները, հայտնում է Naked Science լրատվականը եւ հավելում, որ գիտնականները հայտնում են 7 տարվա տարբերության մասին, ինչը սոցիալ-տնտեսական անհավասարության հետեւանք է:

Գիտնականները տվյալներ են հավաքել Ավստրալիայից, Ավստրիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Նոր Զելանդիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից եւ Միացյալ Նահանգներից՝ հետազոտելով 1816-ից 2017 թվականները:

Ընդհանուր առմամբ, գիտնականները վերլուծել են 57561 քաղաքական գործիչների կյանքի տեւողությունը, որոնցից 40637-ն արդեն մահացել է։ Ցուցանիշները համեմատվել են նույն ժամանակահատվածում բնակչության կյանքի տեւողության ցուցանիշների հետ։ Նրանք նշել են, որ կյանքի տեւողության տարբերությունը զգալիորեն աճել է 20-րդ դարի երկրորդ կեսից:

Պարզվել է, որ Շվեյցարիայում քաղաքական գործիչների եւ քաղաքացիների կյանքի տեւողության նվազագույն տարբերությունը երեք տարի է, իսկ ԱՄՆ-ում առավելագույնը՝ յոթ։

Գիտնականները նշել են, որ ուսումնասիրությունը չի կարելի տարածել ցածր եկամուտ ունեցող երկրների վրա: