Գերմանիայի փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը նախազգուշացրել է, որ եկող ձմռանը գազի պակասը կարող է լուրջ տնտեսական ճգնաժամ ստեղծել Եվրոպայում:

«Մինչեւ ձմեռ կա մի սցենար՝ իսկապես անհրաժեշտ կլինի կրճատումներ մտցնել, ինչը, իմ կարծիքով, Եվրոպայում եւ Գերմանիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կստեղծի, եւ դրանից ամեն գնով պետք է խուսափել»,- ասել է Հաբեկը՝ հավելելով, որ անհրաժեշտ է վճռական, համատեղ, համերաշխության վրա հիմնված եւ, առաջին հերթին, շատ արագ գործողություններ ձեռնարկել։

Նա նշել է, որ մի երկրում մատակարարման ճգնաժամը մյուսում տնտեսական ճգնաժամի է հանգեցնում՝ նշելով, որ իրենք հավատարիմ են համերաշխությանը: Հաբեկը աջակցում է՝ Ռուսաստանից էներգակիրների ներկրման գնային շեմ սահմանելու ԱՄՆ-ի նախաձեռնությանը։

«Էներգիայի գների աճը դարձել է ծանր բեռ սպառողների եւ արդյունաբերության համար», - ասել է Հաբեկը եւ արդյունաբերությանն ու սպառողներին հորդորել՝ ձմռանը պատրաստվելու նպատակով խնայել գազը:

Գերմանիայի փոխկանցլերը նշել է նաեւ, որ թանկացումներն անխուսափելի են եւ շեշտել, որ վերականգնվող էներգիայի ընդլայնումը պետք է արագացվի: