ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքն իր արագ արձագանքման ուժերի թիվը կավելացնի գրեթե ութ անգամ՝ հասցնելով 300 հազարի՝ ի պատասխան «ռազմավարական մրցակցության դարաշրջանի», հաղորդում է AP լրատվական գործակալությունը։

Դաշինքն այս պահին արագ արձագանքման ուժերում ծառայող 40 հազար զինվորական ունի, որոնք անհրաժեշտության դեպքում արագորեն տեղակայվում են:

Մադիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Սթոլթենբերգն ասել է, որ սառը պատերազմից ի վեր հավաքական պաշտպանության եւ զսպման բարեփոխման ամենամեծ մասը արագ արձագանքման զորքերն են: Բացի այդ, գլխավոր քարտուղարն անդրադարձել է Չինաստանի եւ Ռուսաստանի աճող ազդեցությանն ու նշել, որ Մադրիդում դաշնակիցները կքննարկեն, թե ինչպես արձագանքել դրան:

Նա նշել է նաեւ, որ գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ անդամ պետությունները համաձայննության կգան Ուկրաինային ցուցաբերվելիք լրացուցիչ օգնության մասին, ինչպես նաեւ մտադիր են «ուժեղացված համապարփակ օգնության փաթեթ» ընդունել, որում ներառված կլինեն անվտանգ կապի համակարգերի մատակարարմանն ու անօդաչու թռչող սարքերից պաշտպանությանը վերաբերվող մի շարք հարցեր: Սթոլթենբերգը շեշտել է, որ մոտ ժամանակներում, ի շնորհիվ դաշնակիցների, Ուկրաինան սովետական սպառազինությունը կփոխի ՆԱՏՕ-ի ժամանակակից սարքավորումներով:

Գագաթաժողովի ընթացքում առանցքային թեմաներից մեկը կլինի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին:

Սթոլթենբերգն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն եւ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը գագաթաժողովի շրջանակներում հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

«Ես ոչ մի խոստում չեմ տա, սակայն կարող եմ շ վստահեցնել, որ ակտիվորեն աշխատում ենք՝ առաջընթաց գրանցելու ուղղությամբ, քանի որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ՆԱՏՕ-ի հայտերը պատմական են», - եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: