Վերջին ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի չափից ավելի ամրապնդում է նկատվում։ Եթե այս գործընթացն ունի օբյեկտիվ պատճառներ եւ հանգեցնում է տնտեսության մեջ դրական տեղաշարժերի, բնակչության կենսամակարդակի բարձրացման, ինֆլյացիայի զսպման, ապա դա կարելի էր միայն ողջունել։

Բայց Հայաստանում ԱՄՆ դոլարի անհասկանալի անկումը դրականի չհանգեցրեց։ Ինֆլյացիան ոչ թե դանդաղեց, այլ արագացավ՝ մայիսին կազմելով 9,0 տոկոս։ Երկնիշ ինֆլյացիան չկարողացավ զսպել ո՛չ դրամի ամրապնդումը, , ո՛չ ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը: Ամեն ինչ թանկանում է՝ պարենային եւ ոչ պարենային ապրանքները։ Ի դեպ, ավտոմեքենաների վառելիքի թանկացումը սպառնում է բարձրացնել բեռնափոխադրումների սակագները։ Գյուղացիների դիզվառելիքի թանկացումը կբերի գյուղմթերքի ինքնարժեքի բարձրացման։ 

ԱՄՆ դոլարով փոխանցումներ ստացողների ընտանեկան բյուջեն զգալի վնաս է կրել դրամի «ամրապնդումից»: Փետրվարի համեմատ հունիսին նույն գումարը  դոլարով քաղաքացիները  20 տոկոսով պակաս դրամ են ստանում։ Այսինքն՝ շատ ընտանիքների այս տեսակի եկամուտների մեկ հինգերորդը կորչում է։

Դրամի «ամրապնդումից» դժգոհ են նաեւ ձեռնարկատերերը, հատկապես արտահանողները. հայ ձեռներեցները պետական կառույցներից պահանջում են շտապ միջոցներ ձեռնարկել դրամի արժեւորման գործընթացը կասեցնելու համար:

Արտերկրում տեղական արտադրության ապրանքների վաճառքը դառնում է ոչ շահավեետ: Որոշ արտահանողներ արտաքին շուկաներում իրենց դիրքերը պահպանելու համար ստիպված են իջեցնել ապրանքների գները, անգամ դրանք վաճառել ինքնարժեքով։ 

Ինչպես գիտեք, շատ հայրենական ՏՏ ընկերություններ աշխատում են արտաքին պատվերների համար: Այսինքն՝ սա նույն արտահանումն է, որի համար դրամայի նման «ուժեղացումը» հանգեցնում է կանխատեսելի հետեւանքների։ Այս պայմաններում ՏՏ ձեռնարկություններին մնում է կա՛մ հրաժարվել իրենց գործունեությունից, կա՛մ կրճատել անձնակազմի թիվը։ Չի բացառվում նաեւ այդ ընկերությունների արտագաղթը այլ երկրներ։

Վնաս է հասցվում է նաեւ զբոսաշրջության ոլորտին:  

Հավելենք, որ Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկումն ու անկայունությունը կարող է բացասաբար ազդել օտարերկրյա ներդրողների մտադրությունների վրա։ 

Գրաֆիկորեն ԱՄՆ դոլարի դինամիկան Հայաստանում եւ  Ռուսաստանում գործնականում նույնն է։ Հայաստանում ԱՄՆ դոլարը նորից սկսել է ամրապնդվել:  Այնուամենայնիվ, ազգային արժույթի ամրապնդման պայմաններում էական տարբերություններ կան։ Ե՛վ զուտ տնտեսական բնույթի, եւ՛ արժութային սահմանափակումների մեթոդների ու կոշտության առումով։ Ահա միայն մեկ տարբերություն՝ Ռուսաստանը՝ չնայած պատժամիջոցներին, ունի արտաքին առեւտրի հսկայական ավելցուկ, մինչդեռ մենք ունենք հսկայական դեֆիցիտ։  

Մայիսի սկզբին ՀՀ ԿԲ նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի «որոշակի» ամրապնդումը պայմանավորված է արտարժույթի առաջարկի աճով։ Դա նշանակում էր ՌԴ քաղաքացիների զանգվածային ժամանում, որոնք, իհարկե, իրենց հետ բերել էին (կամ փոխանցումներով ստացել) ռուբլի կամ դոլար։

Ավելին, Ռուսաստանից ժամանածների զգալի մասը արագ տեղափոխվեց այլ երկրներ։ Այսպիսով, արտարժույթի շուկայում այս գործոնն արդեն կորցնում է (կամ նույնիսկ կորցրել է) իր նշանակությունը: Սակայն դրամը շարունակել է ամրապնդվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Միաժամանակ նկատելիորեն աճել է ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ (տես գրաֆիկը)։ Այստեղ իր ազդեցությունն է ունեցել Հայաստանում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը։

Փաստորեն, ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի օբյեկտիվ չարդարացված ամրապնդումը ապագայում կարող է  վերածվել Հայաստանի տնտեսությունում ճգնաժամի:  Թե արդյոք սա շրջադարձային կլինի արտարժույթի շուկայում, պարզ կդառնա առաջիկա օրերին։

Տիգրան Վարդանյան