ԵՄ երկրները պայմանավորվել են մինչեւ հաջորդ ձմեռ լցնել միության բնական գազի բոլոր պահեստարանները՝ առնվազն 80 տոկոսով, քանի որ պատրաստվում են Ռուսաստանից մատակարարումների հնարավոր կրճատմանը, հայտնում է AP լրատվական գործակալությունը եւ հավելում, որ ուկրաինական պատերազմի ֆոնին ԵՄ-ն փորձում է  նվազեցնել ռուսական էներգիայի օգտագործումը: Ռուսական ածուխի ներկրման արգելքը ուժի մեջ կլինի օգոստոսից, իսկ նավթի էմբարգոն մեծամասամբ կգործի հաջորդող 8 ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ Մոսկվան դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ մի քանի երկրներին, այդ թվում՝ խոշոր ներկրողներ Գերմանիային եւ Իտալիային, ինչպես նաեւ ավելի քիչ գնումներ կատարող Լեհաստանին եւ Ֆինլանդիային:

ԵՄ խորհուրդը գազի պահեստավորման կանոններ է ընդունել այն բանից հետո, երբ մարտին այդ մասին առաջարկով հանդես եկավ Եվրահանձնաժողովը։ Կանոնակարգի համաձայն՝ մինչեւ 2023-2024 թթ. ձմեռը ԵՄ-ի տարածքում ստորգետնյա գազի պահեստարանները պետք է 90 տոկոսով լցված լինեն: Որոշ անդամ պետություններ պահեստարաններ չունեն եւ, ըստ կանոնադրության, իրենց տարեկան սպառած գազի 15 տոկոսը պիտի պահեն ԵՄ անդամ այլ պետության պահետարաններում:

Անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած գագաթաժողովի ժամանակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել Ռուսաստանից գազի մատակարարումների հետագա կրճատման նախապատրաստական ​​աշխատանքները եւ շարունակել այլ մատակարարների որոնումները։ ԵՄ-ն արդեն ավելացրել է մատակարարումներն ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Ալժիրից եւ Ադրբեջանից։ Իսկ Կիպրոսի, Մալթայի եւ Իռլանդիայի պարագայում, որոնք ուղղակիորեն կապված չեն մյուս անդամների գազային համակարգին, պարտավորությունները կդադարեցվեն 2025 թվականի դեկտեմբերի վերջին։

Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մինչեւ 2030 թվականը վերականգնվող էներգիայի մասնաբաժինը հասցնել 40 տոկոսի՝ նախկին 32-ի փոխարեն`միաժամանակ 9 տոկոսով կրճատելով էներգիայի սպառումը:

Ֆրանսիայի Էներգետիկայի նախարար Անյես Փանիե-Ռունաշեն նշել է, որ այս համաձայնագիրը կօգնի մինչեւ 2050 թվական հասնել կլիմայական չեզոքության ԵՄ տարածքում եւ նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից: