Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Միացյալ Նահանգները ծրագրում են այս շաբաթ վերսկսել ոչ ուղղակի բանակցությունները Պարսից ծոցի երկրներից մեկում՝ 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու նոր փորձ անելով, հայտնում են Իրանի պետական լրատվամիջոցները եւ հավելում, որ բանակցությունները տեղի կունենան Քաթարում:

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգային քաղաքականության ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը Թեհրանում հայտնել է, որ վերոնշյալ բանակցությունները կտարանջատվեն ԵՄ միջնորդությամբ ավելի լայն բանակցություններից:

Ավելի վաղ Իրանի Արտաքին գործերի նախարար Սաիդ Խաթիբզադեն նշել էր, որ բանակցությունների հիմքում, որոնք կկայանան Պարսից ծոցի երկրներից որեւէ մեկում, ընկած կլինի ԱՄՆ-ի կողմից հայտարարված պատժամիջոցների չեղարման հարցը: Նախարարության անանուն աղբյուրի հաղորդմամբ գլխավոր բանակցող Ալի Բաղերին երեքշաբթի կմեկնի Քաթար:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հաստատել է, որ ոչ ուղղակի բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ Պարսից Ծոցում՝ առանց հստակ պետություն նշելու եւ շնորհակալություն հայտնել ԵՄ-ի գործընկերներին՝ բանակցությունների կայացմանն աջակցելու համար:

«Մենք պատրաստ ենք անհապաղ կնքել եւ իրականացնել այն գործարքը, որի շուրջ պայմանավորվել ենք Վիեննայում, որպեսզի վերադառնանք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) ամբողջական իրականացմանը», - ասել է նա եւ հավելել, որ դրա համար Իրանը պետք է հրաժարվի իր լրացուցիչ պահանջներից, որոնք դուրս են գործարքի շրջանակներից:

«Այն, ինչ մենք կանենք առաջիկա օրերին, վերաբերում է ոչ թե միջուկային հարթությանը, այլ առկա տարաձայնություններին եւ պատժամիջոցների վերացմանը»,- ասել է Խաթիբզադեն՝ հույս հայտնելով բանակցությունների «դրական արդյունքների» վերաբերյալ: