Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Օղակաձեւ զբոսայգու» 2-րդ հատվածում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի անմիջական հարեւանությամբ, ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

«Ընդ որում, տնտեսվարողը մի քանի անգամ զգուշացվել է կառույցը սեփական նախաձեռնությամբ քանդելու անհրաժեշտության մասին, ավելին՝ տրվել էին խելամիտ ժամկետներ, որոնք քաղաքացու կողմից անտեսվել են:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցապատման ցանկացած փորձ դատապարտված է լինելու նույն ճակատագրին»,- նշվում է հաղորդագրության մեջ։