Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան պնդում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները եւ խոստանում է ապացույցներ հրապարակել:

«Վրացական իշխանություններն օգնում են Ռուսաստանին շրջանցելու պատժամիջոցները… Շուտով հասանելի կդառնան արտերկրում կատարվող գործարքների վերաբերյալ տվյալները, ինչպես նաեւ Վրաստանից շատ իշխանամետ պատգամավորների եւ նախարարների հաշիվները», - գրում է Արախամիան իր Telegram ալիքում:

Նրա խոսքով՝ միլիարդատեր եւ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին «ներգրավված է ահաբեկչությունը հովանավորող երկրին պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնելու մեջ»:

Արախամիան ընդգծել է, որ Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում ինքը եւ իր գործընկերները դաշնակիցներին տեղեկատվություն են տրամադրել սահմանափակումները շրջանցելու գոյություն ունեցող սխեմաների մասին, այդ թվում՝ «Վրաստանի իրավասության կիրառման միջոցով»: Ուկրաինացի պատգամավորը նախազգուշացրել է այդպիսի փաստերում ներգրավված բոլոր անձանց համար հետեւանքների մասին։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Արախամիան վրացական ընդդիմության հետ միասին փորձում է թույլ չտալ Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի հասնել: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ուկրաինացի քաղաքական գործիչը Վաշինգտոնում Գերմանական Մարշալի հիմնադրամի միջոցառման ժամանակ Վրաստանին մեղադրեց Ռուսաստանի Դաշնությանը պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնելու մեջ: Պատգամավոր եւ Մոսկվայի հետ բանակցություններում Կիեւի գլխավոր ներկայացուցիչը կոչ արեց ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել այդ սողանցքը փակելու համար, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։