Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ այցն արտացոլում է երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների եղբայրական բնույթն ու միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը։

Արտգործնախարարները գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Հունասատանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվության եւ արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու առկա փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել մի շարք ռազմավարական ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Արարատ Միրզոյանը եւ Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, ռազմական, մշակութային, գիտության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ուղղություններով համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ՝ ուրվագծելով այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Հատկապես կարեւորվել է տնտեսության եւ նորարարությունների ոլորտներում համագործակցության խորացման, փոխադարձ ներդրումների խթանման եւ գործարար շրջանակների շփումների ակտիվացման ուղղությամբ նպատակամղված աշխատանքների իրականացումը։

Անդրադառնալով Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ձեւաչափին՝ ԱԳ նախարարները համոզմունք են հայտնել, որ այդ ձեւաչափում շփումների շարունակականությունը եւ համատեղ ծրագրերի իրականացումը լավագույնս կծառայի գործընկեր երկրների կենսական շահերի ապահովմանը։

Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների հարցում համագործակցության ակտիվացման հնարավորությունները, մասնավորապես` «Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Արձանագրվել է գործընթացը վերջնակետին հասցնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու քաղաքական կամքը:

Զրուցակիցները քննարկել են միջազգային բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։

Հայաստանի եւ Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը եւ Արեւելյան գործընկերության ծրագրին վերաբերող մի շարք հարցերի։

Հայկական կողմը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հունական կողմի աջակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է հետեւողական ջանքերը՝ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը եւ հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում, եւ բարձր գնահատել Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եւ մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը նաեւ երախտագիտություն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ հումանիտար օգնության տրամադրման համար։

ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ռազմատենչ եւ սադրիչ հռետորաբանությունն ու գործողությունները՝ ընդգծելով նաեւ այն փաստը, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց։

Կարեւորվել է 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման եւ ոչնչացման հետեւողական քաղաքականության կանխումը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել  իրականացման հրատապությունը։

Հանդիպման ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։

Հանդիպման ավարտին Հայաստանի եւ Հունաստանի արտգործնախարարները մասնակցել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ Եվրամիությանը վերաբերող հարցերի շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: