Ռազմավիրական ճանապարհի Վերին Լարսի հատվածը ռուսական սահմանի ուղղությամբ փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վերին Լարս» բազմակողմ մաքսային անցակետի  աշխատակիցը։

«Ճանապարհը փակ է, դրա վերականգնման ժամկետների մասին տեղեկություն առայժմ չկա»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Այսպիսով, ներկա պահին ռուս-վրացական ճանապարհով, որտեղ գործում է միակ՝ «Վերին Լարս» անցակետը, անհնար է անցումն ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար։

Սահմանափակումները մտցվել են Ռազմավիրական ճանապարհի՝ դեպի ռուսական սահման տանող ուղղության տեղամասի վնասվելու պատճառով։

Հիշեցնենք, որ երկու օրվա ընթացքում Վրաստանում, սահմանամերձ անցման շրջանում, հորդառատ անձրեւներ են տեղացել, որոնց հետեւանքով մայրուղու հատվածը, որը դեպի անցակետ տանող միակ ճանապարհն է, վնասվել է լեռներից հոսքի պատճառով։