Լարսի ավտոճանապարհին երթեւեկությունն արդեն մի քանի ժամ է՝ ինչ վերականգնված է, սակայն իրավիճակը քաոտիկ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մի ավտոբուսի վարորդ, որի խնդրանքով՝ իր անունը չենք հրապարակի:

«Մեքենաների հերթն անծայրածիր է: Ռուսական անցակետում ինչ-որ պահի նորից փակվում է, որոշ ժամանակ անց՝ բացվում: Մեքենաները երկու շարքով են ընթանում՝ մի կողմում բեռնատարները եւ ավտոբուսներն են, մյուսում՝ սովորական ավտոմեքենաները: Ավտոմեքենաների շարասյան երկարությունը 7-10 կմ է, իսկ բեռնատարներինը չեմ չափազացնի, եթե ասեմ, որ մոտ 150 կմ է՝ տեղ-տեղ ընդհատումներով: Կոնկրետ իմ մեքենան կարծում եմ՝ այսօր կանցնի, որովհետեւ մոտ ենք անցակետին, բայց մյուսների համար շաբաթներ կպահաջանվեն: Այստեղ խոսակցություններ կան, որ երկու օրից նորից փակելու են ճանապարհը գրունտային ճանապարհը բետոնապատելու համար»,- պատմեց քաղաքացին:

Հիշեցնենք, որ նախօրեին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենը հայտնել էր, որ Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Վնասվել էր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհից 80 կմ հատված։

Գիշերը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթեւեկությունը։ Ճանապարհը բաց է։