Moody's-ը հայտնել է, որ Ռուսաստանը դեֆոլտ է թույլ տվել արտաքին պարտքային պարտավորությունների մասով: Այս մասին ասվում է միջազգային վարկանիշային գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Հունիսի 27-ին Ռուսաստանի սուվերեն պարտքի տերերը մինչեւ 30-օրյա արտոնյալ ժամկետի ավարտը  չեն ստացել 100 մլն դոլարի եվրոպարտատոմսերի արժեկտրոնային վճարումները, ինչը, մեր սահմանմամբ, դեֆոլտ է»,- հաղորդագրության մեջ:

Անցյալ ամիս ԱՄՆ-ն չերկարաձգեց ընդհանուր լիցենզիան, որը թույլ էր տալիս Ռուսաստանին վճարումներ կատարել իր արտաքին պարտքի սպասարկման մասով։ Այդպես, պարտքը մարելու համար Ռուսաստանն անցած շաբաթ առաջին անգամ կատարեց ռուբլով եվրապարտատոմսերով ստանձնած պարտավորությունները՝ նոր մեխանիզմ օգտագործելով, որը թույլ է տալիս այդպիսի վճարումներ կատարել։

Ինչպես հինգշաբթի նշել էր ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, դա արտաքին պարտքի մասով դեֆոլտ չի նշանակում. վարկատուները հիմքեր չունեն կարծելու, որ Մոսկվան սխալ է կատարում իր պարտավորությունները, քանի որ Ռուսաստանը ֆորսմաժորային պայմաններում ամեն ինչ անում է, որպեսզի վարկատուները ստանան իրենց միջոցները։ Սիլուանովի խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը արհեստական ​​խոչընդոտներ են ստեղծում Ռուսաստանի արտաքին պարտքի սպասարկման համար, որպեսզի կպցնեն «դեֆոլտ» պիտակը»։

Իր հերթին, Moody's-ը չի բացառում հետագա դեֆոլտն արժեկտրոնային վճարումների մասով: «Ռուսաստանի նախագահի՝ հունիսի 22-ի հրամանագրով արտաքին պարտքը ռուբլով վճարելու կարգ է մտցվել։ Մենք այն կարծիքին էինք, որ ռուբլով վճարումները պարտատոմսերի մասով, որոնք, պայմանագրային պայմանների համաձայն, այդպիսի դենոմինացիա թույլ չեն տալիս, որպես դեֆոլտ կդիտարկենք»,- նշել են գործակալությունում:

Նրանք հավելել են, որ 2018 թ. հետո Ռուսաստանի կողմից թողարկված եվրապարտատոմսերը որոշակի պայմաններում ռուբլով մարում են թույլ տալիս։ Սակայն մինչեւ 2018 թ. թողարկված եվրոպարտատոմսերը կա՛մ չեն պարունակում այդ դրույթը, կա՛մ թույլ են տալիս մարում իրականացնել միայն այնպիսի արժույթով, ինչպիսիք են դոլարը, եվրոն, ֆունտ ստեռլինգը կամ շվեյցարական ֆրանկը: