Հայաստանից Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ապրանքների հոսքի հնարավորություններն առաջիկայում լրջորեն կընդլայնվեն։ Այս մասին հունիսի 28-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեեւը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կառավարության նախագահի ու համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների կողմից այսօր որոշում է կայացվել, երկխոսություն է ընթանում երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների միջեւ։ ««Վերին Լարս» անցակետի աշխատանքի հարցերը քննարկվել են որպես մեր արձագանք Հայաստանի ներկայացուցիչների խնդրանքին՝ թե՛ Ազգային ժողովի, թե՛ կառավարության մակարդակով»,- հավելեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ երկու օր շարունակ Վրաստանում՝ «Վերին Լարս»  անցակետի տարածքում, հորդառատ անձրեւ էր։ Արդյունքում ճանապարհի մի հատվածը, որը դեպի անցակետ տանող միակ ճանապարհն է, քանդվել է լեռներից հոսող ջրերի պատճառով: