Չինաստանի իշխանությունները կկրճատեն կենտրոնացված կարանտինի օրերը արտասահմանից եկող քաղաքացիների համար՝ 14-ից հասցնելով 7 օրվա։ Այս մասին նշվել է երեքշաբթի Չինաստանի հիգիենայի եւ առողջապահության պետական կոմիտեի կայքում հրապարակված փաստաթղթում։

Մինչ այդ արտասահմանից եկողները պետք է 14-օրյա պարտադիր կարանտին անցնեին, ինչից հետո յոթ օր գտնվեին տանը եւ հետեւեին իրենց առողջական վիճակին։ Արդեն Չինաստան եկածների համար Պեկինում կենտրոնացված կարանտինի ժամկետը 10 օր էր, ինչից հետո յոթ օրվա ընթացքում պետք էր գտնվել տանը՝ մեկուսացման մեջ։

Ինչպես տեղեկացրել է կոմիտեն, պարտադիր կարանտինը կկրճատվի 7 օրով, մեկուսացման ժամկետը կդառնա 3 օր։ 10 օրվա ընթացքում քաղաքացիները պետք է հանձնեն վեց ՊՇՌ թեստ՝ կենտրոնացված կարանտինի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ եւ յոթերորդ օրը, ինչպես նաեւ մեկուսացման երրորդ օրը։ Թեստավորումը կատարվելու է կոկորդից քսուք վերցնելու միջոցով։

Ինչպես նշվել է փաստաթղթում, այդ միջոցները տարածվելու են ոչ միայն արտասահմանից եկած քաղաքացիների, այլեւ նրանց վրա, որոնք գտնվում են Չինաստանի տարածքում եւ կենտրոնացված կարանտինի մեջ են կորոնավիրուսով վարակվածի հետ շփման պատճառով։ Կենտրոնացված կարանտինի ժամկետը նրանց համար յոթ օր է, տանը մեկուսանալունը՝ երեք օր։