Երեւանի ընդհանուր իրավասության դատարանըւ՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ հունիսի 28-ին, «Սիլվայի գործով»  դատական նիստին որոշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի՝ ՀՀ-ից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ միջնորդությունը քննվել աշխատանքային օրվա ավարտին։

Պաշտպանական կողմն առարկեց դատարանի այդ որոշման դեմ։ Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ Քրեական դատավարության օրենսդրությունը դատարանին թույլ չի տալիս նման հնարավորություն․ «Որ դուք միջնորդության քննությունը հետաձգեք ինչ-որ ժամով եւ այլն։ Օրենքը հստակ սահմանում է, որ միջնորդությունը քննարկվում է այն հայտնելուց անմիջապես հետո։ Կան նաեւ բացառություններ, երբ այլ էական հանգամանքներ կան պարզելու, որի կապակցությամբ դատարանը կարող է միջնորդության լուծումը հետաձգել, որպեսզի ստանա այդ ապացույցները»։

Սահակյանը պնդեց, որ դատարանն ամեն օր թույլ է տալիս խախտում՝ միջնորդության քննությունը անընդհատ հետաձգելով։