Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ հունիսի 28-ին, «Սիլվայի գործով»  դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ միջնորդություն ունի ներկայացնելու, որը վերաբերում է գործում առկա ապացույցների հետազոտմանը։

Դատարանը որոշեց այն նույնպես քննել աշխատանքային օրվա ավարտին, երբ հետազոտվեն գործի ապացույցները։ Պաշտպանները պնդեցին, որ միջնորդությունը վերաբերում է ապացույցների՝ անթույլատրելի ճանաչելուն։ Դատարանը որոշեց այդ միջնորդությունը քննել Արմեն Գեւորգյանի՝ ՀՀ-ից ժամանակավորապես բացակայելու մասին միջնորդությունից հետո։

Պաշտպան Խուդոյանը նշեց, որ միջնորդությունը վերաբերում է քննչական ղեկավարի կողմից իրականացված գործողությունների անթույլատրելիությանը․ «Ձեր գործողություններով թույլ եք տալիս այնպիսի ապացույցների հետազոտում, որոնք կարող են ճանաչվել անթույլատրելի։ Այսինքն՝ ձեզ դնում եք մեղադրանքի կողմում»։

Պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ քրեական գործի վարույթում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերված Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի կետերում նշված պարագաներում։

Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով, որպեսզի ներկայացնի իր միջնորդությունը։ Այնուամենայնիվ դատարանը որոշեց անցնել դռնփակ ռեժիմով քննության, սակայն կհետազոտվեն գործում առկա ապացույցները։