Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի գիտնականները Երկրի համեմատ բնակության համար ավելի հարմար մոլորակներ են հայտնաբերել. հետազոտությունը հրապարակվել է համալսարանի պաշտոնական կայքում։ Պարզվել է, որ ջրածնից եւ հելիումից մթնոլորտ ունեցող քարքարոտ էկզոմոլորակները բավական տաք են, որպեսզի դրանց մակերեսին կյանքի զարգացման համար անհրաժեշտ ջրամբարներ ձեւավորվեն:

Հետազոտողները հինգ հազար այդպիսի մոլորակների զարգացման մոդել են ստեղծել եւ պարզել են, որ որոշակի պայմաններում մոլորակները կարող են ութ միլիարդ տարի բնակելի պայմաններ պահպանել մակերեսի վրա՝ նույնիսկ առանց աստղային ճառագայթման: Դա հնարավոր է խիտ մթնոլորտի եւ մոլորակի ընդերքում ջերմության շնորհիվ, որոնք ջրամբարների համար անհրաժեշտ ջերմոցային էֆեկտ են ստեղծում:

Աշխատության հեղինակներն ընդգծել են, որ այդ մոլորակների վրա կյանքը նման չի լինի երկրայինին. արարածները ստիպված կլինեն հարմարվել չափազանց բարձր ճնշմանը՝ մոտ 100-1000 բար. Երկրի վրա այդպիսի ճնշում դիտվում է միայն օվկիանոսի հատակին: