Զորակոչիկների վիճակահանությունը հեռարձակվում է տարածքային ստորաբաժանումներում, ծնողները նստած հետեւում են ամբողջ ընթացքին. Արցախը չկա վիճակահանության մեջ: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը:

Հարցին, թե ինչու Արցախը չկա այդ ցանկում, նա պատասխանեց. «Ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել, որ Արցախում ծառայությունն իրականացվում է պայմանագրային զինծառայողներով: Մեր վերջին ժամկետային զորակոչը 2020-ի ամռանն զորակոչն է, որը կզորացրվի հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 30-ը եւ այլեւս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ:Արցախում ծառայության գրավչության համար մշակված է լուրջ փաթեթ, ըստ դրա պայմանագրայիններով համալրվում է Արցախի ՊԲ-ի թափուր հաստիքները: Հիմնականում այդ համալրումը տեղի է ունենում Արցախի ռեսուրսից»:

Նա հավաստիացրեց, որ դա բավարարում է եղած կարիքներին.  «Մենք այնտեղ չունենք սահմանում, ներքին ծառայության մեջ խնդիրներ, որ չունենանք բավարար քանակի զորք ծառայություն իրականացնելու համար: Նպատակն է ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանել: Մենք նման փորձ ունենք նաեւ Հայաստանի հատվածում: Երրորդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողներ այլեւս չէին ընդգրկվում առաջնագծի մարտական հերթապահության մեջ: Շատ փոքր քանակով ժամկետայիններ ընդգրկվում են:

ՊՆ-ի եւ ԳՇ-ի հիմնական նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին ինչքան հնարավոր է, առաջնագծից հանենք: Հնարավորության սահմաններում մնացած բոլոր զորամիավորումներում գնալու ենք դրան: Հնարավորությունը կապված է պայմանագրայինների թվաքանակից: Ժամկետայինները զբաղվելու են միայն պատրաստությամբ, անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն ըստ նշանակության»,-ընդգծեց Սահակյանը: