Պատահաբար իր աշխատավարձի 286-պատիկը ստացած Չիլիի բնակիչը հեռացել է աշխատանքից եւ անհետացել, գրում է Oddity Central-ը։ Տղամարդը խոստացել է վերադարձնել գումարը, սակայն նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ։

Չիլիի Cial ընկերության աշխատակիցն անցյալ ամիս ստացել է 180 հազար դոլար աշխատավարձ, թեպետ պետք է ստանար 542 դոլար։ Տղամարդը դիմել է ղեկավարությանը եւ հայտնել սխալի մասին: Նրան խնդրել են վերադարձնել ավելցուկային միջոցները։ Աշխատակիցը համաձայնել է եւ ասել, որ հաջորդ օրը կգնա բանկ։

Այն բանից հետո, երբ ֆինանսների բաժինը նկատել է, որ բանկը չի տեղեկացրել իրենց գումարի վերադարձի մասին, ընկերությունը կրկին փորձել է կապ հաստատել աշխատակցի հետ, սակայն նա այլեւս չի պատասխանել զանգերին։  

Այժմ ընկերությունը պատրաստվում է դատի տալ տղամարդուն ու մեղադրել միջոցների յուրացման մեջ։