Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում թմրամիջոցների իրացման վերաբերյալ հերթական տեղեկություններն էին ստացել, ըստ որոնց՝ Նոր Նորքի Մոլդովական փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ ձեռք է բերում տարբեր թմրամիջոցներ և իրացնում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական ոստիկանության ծառայողները տեղեկությունները մանրակրկիտ ստուգեցին՝ համագործակցելով Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հայտնաբերվեցին ու Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեցին չորս տղամարդ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին ներարկիչներ, որոնցից մեկը՝ սուբուտեքս թմրամիջոցի նմանվող հեղուկով, սրվակներ, «B» գրառմամբ սուբուտեքսի կես հաբ, մեթադոն տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկով տարա ու ծալովի դանակներ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվեցին քրեական գործեր, նշանակվեցին փորձաքննություններ։

Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումները փաստեցին, որ նրանց թմրամիջոցներն իրացրել էր Նոր Նորքի Մոլդովական փողոցի 40-ամյա բնակիչը։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթադոն տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկով տարա և գաղտնի փականով 2 դանակ:

Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվեց 40-ամյա տղամարդու բնակության վայրը։ Հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և կշեռք։

Քրեական գործերը ոստիկանությունից փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

40-ամյա տղամարդը կալանավորվել է։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։