Ադրբեջանի ԱԳՆ-ն Երեւանին կոչ է արել «ժամանակ չծախսել ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացման վրա»:

Բաքվում հայտարարել են, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «կասկածի տակ է դնում Երեւանի՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ձգտումը»:

Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է. «Հուսով ենք, որ Հայաստանին շատ ժամանակ չի պահանջվի Զենգեզուրի միջանցքի արդյունավետությունը գիտակցելու համար, որն արդեն իրողություն է դարձել»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին տարբեր մակարդակներով հանդիպումները խափանելու մեջ:

«Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը բոյկոտել է հանդիպումը: Եթե թվարկենք հանդիպումները, որոնք առաջարկել են միջազգային միջնորդները հետկոնֆլիկտային շրջանում, եւ որոնք Հայաստանը տարբեր պատրվակներով խախտել է, ապա ցուցակը մեծ է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բաքվում կարծում են, որ «եթե Երեւանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ ընդունի խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլեր»: